Կորոնավիրուսն աշխարհում շարունակում է ծավալվել. միայն երեկվա դրությամբ նոր դեպքերն աշխարհում գերազանցել են 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են նորից համաճարակի ամենաակտիվ փուլ: Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ հայտարարել էինք: Այս առումով է կարևորվում դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ համաձայն պարետի երեկվա որոշման ՝ փողոցում դիմակներ կրելու պարտադրանքից ազատվելու են միայն այն անձինք, որոնք, փաստաթղթով ամրագրված, կարողանալու են հիմնավորել իրենց այս կամ այն հիվանդության առկայությունը.
Կառավարության ղեկավարն անդրադարձավ տուգանքների վերաբերյալ քննարկումներին՝ նշելով․
«Ընդ որում, տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո՛, մենք ասում ենք, որ ամենախիստ միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս ճանապարհին հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակն է այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- հայտարարեց Փաշինյանը: