«Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն
հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։
Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝
1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։
2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա
(ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում իսկ լաբորատորիաների՝
ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված՝ ներքևում) և տրամադրել անհրաժեշտ
տվյալները։
3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սկանավորել
համաձայնագրում առկա QR կոդը։
4. Հանձնել Covid-19 թեստ։
5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան
համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական պատասխանի
դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
6. Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ
հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի
անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։
7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունը ծրագրում ընդգրվելու համար՝
1. Գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն՝ հիմավորելով ՀՀ
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2194-Ն որոշմամբ սահմանված
պահանջներին համապատասխանելիությունը։
2. Նախարարությունը բավարարում է կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։
3. Համակարգի օպերատորը նախարարության դիմումի հիման վրա լաբորատորիայի համար
ապահովում է հասանելիություն։
Համակարգի գործարկման իրավական հիմքերը ամրագրված են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողման պարզեցված կարգ սահմանելու և «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 2194-Ն որոշմամբ և օպերատորի գործառույթները վերապահված են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: