Ազատության հրապարակն՝ իր շրջակայքով, նոր տեսք կունենա: Հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ: Նախագիծն ընդգրկում է Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝ «Կարապի լիճը»: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
«Պատասխանատու հատված է քաղաքի համար: Որոշվեց հայտարարել հայեցակարգային մրցույթ, որի միջոցով հնարավորություն կստեղծվի հավաքագրել նոր գաղափարներ»,- ասում է մրցութային հանձնաժողովի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:
Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:
«Թամանյանական ֆանտաստիկ կառույց է: Կուզենայի, որպեսզի հարթակի ծածկույթը մոխրագույն չմնար ու փոխվեր» ,- նշում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը:
«Այս կիսակլորը պետք է ունենա իր բաժանարար որևէ գիծը: Վստահ եմ՝ Թամանյանը ևս նախագծել էր որևէ լուծում: Առաջին հերթին այդկերպ Երևանը կազատվի ասֆալտի շոգից և կլինի բնական քարերով որև պատկեր, բայց, իհարկե, ոչ խալի»,-ընդգծում է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահի տեղակալ Ալեքսանդր Բադալյանը:
Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիների և անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:
Նախագծերը կգնահատվեն պատմական միջավայրի հետ իրենց ներդաշնակության, նորարարության ու ֆունկցիոնալության, ինչպես նաև իրագործման հնարավորության տեսանկյունից: Միակ սահմանափակումը, թերևս՝ խստիվ արգելվում է որևէ նոր շինարարական ծավալ նախատեսելը:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը 16 մլն դրամ է: Մրցույթի արդյունքում առաջին 3 տեղերն զբաղեցրած նախագծերը մրցանակ կստանան:
«Առաջարկները կգնահատվեն՝ պահպանելով մասնակիցների գաղտնիությունը՝ առանց իմանալու, թե որն ում աշխատանքն է: Հաղթող նախագծերի հիման վրա քաղաքապետարանը ծաղկաքաղ կանի ու կհայտարարի շինարարական աշխատանքների մրցույթ: Ազատության հրապարակի ու հարակից տարածքների բարեկարգումը կիրականացվի փուլային: Նախատեսվում է արդեն հաջորդ տարի սկսել բարեկարգումը» ,-ասում է Լուսինե Մկրտչյանը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է: Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել [email protected] էլ. փոստին:
Քաղաքի զարգացման ու միաժամանակ մշակութային և ճարտարապետական ժառանգության պահպանման համար կարևոր այս նախագծի իրագործումից հետո կստեղծվի հետագա կապիտալ կառուցապատումներից զերծ անձեռնմխելի միջավայր՝ նախատեսված միայն քաղաքացիների հանգստի համար: