Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Սևանավանք։
ԵԽ նախագահին դիմավորել է Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրել է վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Դոնալդ Տուսկը շրջայց է կատարել վանքի տարածքով, որտեղից իր առջև բացվել է Սևանա լճի համայնապատկերը։
Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9-17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։
Նշենք, որ Դոնալդ Տուսկի Սևանավանք այցելությունը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է:
Հավելենք, որ ԵԽ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և հայտարարությունից հետո շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: