ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները պայթուցիկ նյութերի մաքրում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հարավային ծայրամասերում գտնվող մի մեծ տարածքի վրա: Տարածքի ինժեներական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 1120 պայթուցիկ նյութեր», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Նշենք, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվում են կենսական ինժեներական հաղորդակցությունները պատերազմից տուժած տարածքներում: Օրական վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրահաղորդման յոթ աշտարակներ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գծեր և մեկ տրանսֆորմատորային ենթակայան: