Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի և պատգամավոր Մերի Գալստյանի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի ներկայացրած նախագիծը մինչև հանրային քննարկման դնելը չի քննարկվել մասնագետների հետ։
Նախագծի վերաբերյալ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը։
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ու բնապահպանները օրենքի նախագծի մասին ֆեյսբուք սոցիալական ցանցից և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից են տեղեկացել, ինչը, սխալ են համարում։ Նրա խոսքով՝ ցանկացած նախագիծ մշակելիս պետք է մասնագետների կարծիքը հաշվի առնել։
Սիլվա Ադամյանն օրինագծում բազմաթիվ թերություններ է առանձնացրել։
Անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների հարցով զբաղվող բնապահպանն առաջին հերթին նկատել է, որ վայրի կենդանիների մասով նախագծում բացթողում կա։
«Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց նախագծի հեղինակները պետք է հրավիրեին մասնագետների, ովքեր նրանց վայրի կենդանիների վերաբերյալ խորհուրդ կտային։ Բայց մասնագետներին հետ խորհրդակցություն չի արվել։ Անազատության մեջ գտվող կենդանիների հարցը շատ կարևորագույն խնդիր է։ Այդ մասին նախագծում պետք է շեշտված լիներ, ինչը չկա։ Մասնագիտական անդրադարձ պետք է լինի։ Օրինակ՝ պետք է անազատության մեջ գտնվող կենդանիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին կետ լիներ։ Ինչքան մենք պայքարեցինք, չկարողացանք հասնել այն գաղափարին, որ բացի Կենդանաբանական այգուց, որևէ տեղ կենդանի չպահվի։ Մինչև հիմա էլ մենք ունենք մասնավոր կենդանաբանական այգիներ, որտեղ կենդանիներ են պահում։ Հիմա այս նախագծում դրա անդրադարձը պետք է լիներ։ Գիտեք, որ մեր գործընկերները պայքարում են, որ կրկեսում կենդանիներ չլինեն։ Մենք այս մասին առաջարկություններ ենք արել և դրել շրջանառության մեջ։ Ես նախագծում մասնագիտական բացթողումների համար ոչ ոքի չեմ մեղադրում, բայց պետք է փորձագետների կարծիքներն անպայման լսեն և ներառեն օրինագծում»,-մատնանշեց մեր զրուցակիցը։
Մասնագետի կարծիքով, եթե ուզում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի փոփոխություն լինի, պետք է առաջին հերթին մասնավոր կենդանաբանական այգիների գործունեությունն օրենքով թույլ չտալ։
Փորձագետի դիտարկմամբ՝ երկակի մոտեցում են ցուցաբերել թափառող շների վերաբերյալ։ Նա այստեղ էլ է շտկումների կարիք տեսնում։։
Անասնաբույժներն էլ են նախագծում բազմաթիվ թերություններ գտել։
Սիլվա Ադամյանն ասում է, որ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի ներկայացրած նախագծի վերաբերյալ հանրային լսումներ են պահանջելու։ Փորձելու են մասնագիտական խորհուրդներով նախագիծը խելքի բերել։ Նրա գնահատմամբ՝ ներկայացված տարբերակով օրենքի ընդունումն ուղղակի անհեթեթություն կլինի։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը և պատգամավոր Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ են ներկայացրել։
Ըստ նախագծի հիմնավորման, օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում և կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները և սահմանափակումները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաև կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի և օգտագործման շուրջ իրավահարաբերությունները: