Հունվարի 23-ին տեղի է ունեցել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության 2019 թվականի աշխատանքների ամփոփումը, որին մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն աղբյուրի՝ հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է 10824 արտակարգ դեպք (2018 թ.` 8705), որոնց հետևանքով մահացել է 149 (2018 թ.` 144), մարմնական վնասվածքներ ստացել՝ 5200 (2018 թ.` 4904) մարդ։
2018 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն ավելացել են 2119-ով, վիրավորները` 296-ով, զոհերը` 5-ով։
Եղանակային շոգ պայմանների, մարդկանց գործունեության և այլ պատճառներով 2019 թվականը աչքի է ընկել տարբեր արտակարգ իրավիճակների, և հատկապես խոշոր հրդեհների մեծ քանակով։
Ելնելով ոլորտին առաջադրված խնդիրներից և մոտեցումներից՝ 2019 թվականին հիմնական ջանքերն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և հնարավոր հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, Երևան քաղաքի կառավարման մարմինների և ուժերի պատրաստության բարձրացմանը, ինչպես նաև Երևան քաղաքում առաջացած հրդեհների, կենցաղային կանչերի և տարբեր ահազանգերի արձագանքման արդյունավետության բարձրացմանը:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, վարչական շրջանների աշխատակազմերի և կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների շրջանակներում 2019 թվականին շարունակվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ճշգրտվել են Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության, Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման, Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները:
Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ՝ ճշգրտվել և Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել «Երևան քաղաքի անձնագիրը»։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություններից ստեղծվող աշխատանքային խմբի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել «Երևան քաղաքի բնակչության համալիր անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման ուղղությամբ։
Ֆելիքս Ցոլակյանն առաջնահերթ է համարել նոր կառուցվող շենքերը հակահրդեհային ժամանակակից միջոցներով ապահովելու խնդիրը, և այդ հարցում կարևորել քաղաքապետարանի հետ համագործակցությունը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել հրշեջ-փրկարարների աշխատանքը և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև կնքված պայմանագրով իրականացվելու է վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր, որի նպատակն է վտանգավոր թափոնների վնասազերծումը: Հայկ Մարությանը նաև նշել է, որ Երևան քաղաքում՝ համայնքային բյուջեի միջոցներով, ընթացիկ տարում նախատեսվում է 500 նոր վերելակի տեղադրում:
Երևանի քաղաքապետը նաև հայտնել է, որ իրենց ունեցած ջրատար մեքենաները և մյուս տեխնիկական միջոցները ցանկացած պահի կարող են տրամադրվել ԱԻՆ-ին:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն իր ելույթում ընդգծել է, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառավարությունը 1 միլիարդ 170 միլիոն դրամ է հատկացրել՝ այդ թվում Երևան քաղաքում գտնվող հրշեջ-փրկարարական 32 ջոկատների, շենք շինությունների կապիտալ վերանորոգման, փրկարարների համար բարեկեցիկ կենցաղային պայմաններ ստեղծելու համար, ինչպես նաև առաջին անգամ 45-50 տոկոսով բարձրացվել է փրկարարների աշխատավարձը: