Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.3 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6 %։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6 % գնաճ:
Վերջինիս մեծապես նպաստել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 2.4-2.9 % գնաճերը: Բանջարեղենի շուկայում փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1 %, իսկ հունվարի համեմատ՝ 2.9 % գնաճ:
Ըստ վիճակագրության՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը մեկ տարում կազմել է 50.4 %, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4 %։
Բարձրացել են նաև ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները։
Զգալի գնաճ է արձանագրվել հացաբուլկեղենի շուկայում։ Պաշտոնական տվյալները փաստում են, որ հացի և ալյուրի գնաճը փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.4 % և 13.3 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5 % և 0.6 %։ Մսամթերքի շուկայում էլ է գնաճ գրանցվել, բայց մյուս պարենային ապրանքների համեմատ ոչ մեծ չափով։
Ձվի գինն ընթացիկ տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.5 %-ով, բայց հունվարի համեմատ էժանացել է 1.4 %-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում փետրվարին 2020 թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 40.6 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2 % գնաճ:
ԱՎԿ-ի տվյալներով՝ փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6 %, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 %, սուրճի, թեյի կակաոյի 1.1 % գնաճ:
Փոխարենը միրգն է էժանացել։ Մրգի շուկայում փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3 %, իսկ հունվարի համեմատ` 3.3 % գնանկում: