Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ այդ տեղեկությունների՝ ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում դիմակներ չեն կրել և չեն պահպանել պարետի սահմանած պահանջները:
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ ոստիկանության գործողությունները չեն բխում պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն:
Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված այսօր նշված լրատվամիջոցներ ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ:
Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ ոստիկանությունից՝ նշված լրատվամիջոցներում կատարած գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ: