ՍԴ նախագահի ընտրությունների քննարկումները դեռ ավարտված չեն. կավարտվի՝ կտեսնենք, թե ինչպիսին կլինեն գնահատականները, ինչ վստահություն կունենա առաջադրված թեկնածուն, գործունեության արդյունքներն ինչպիսին կլինեն։ Այս մասին խոսել է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն՝ ընդգծելով, որ գնահատողը հանրույթունն է, ՍԴ դիմող սուբյեկտներն են, նաև իշխանության այլ մարմինները, որոնք կարող են իրենց մոտեցումներն ունենալ այս հարցի վերաբերյալ։
Անդրադառնալով նախագահի ընտրության շուրջ քննարկումների ձգձգմանը՝ նա ասաց, որ ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, որպեսզի մտածենք՝ բազմաբևեռություն կա կամ չկա, պետք է լինի կամ չպետք է լինի։ «Պետք է բացառվի այդպիսի երևույթները, քանի որ դա կարող է հակաիրավական, հակասահմանադրական իրավիճակ հանդիսանալ։ Քաղաքական մարմնում կարող են լինել տարբեր ուժեր, մոտեցումներ, տարբեր քաղաքական հոսանքներ. դրա անհրաժեշտությունը կա, բայց Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չէ, դա անթույլատրելի է»,- ասաց Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ քննարկումներին մասնակցելու է, պատրաստել է հարցեր, որոնցից էլ կսկսվի քննարկումը, ապա լսելու է թեկնածուի պատասխանները, ելույթը, որից հետո էլ կկայացնի իր որոշումը։ «Այս պահին ես որոշում չունեմ, թե ինչպես եմ քվեարկելու, ես ինքնանպատակ որևէ պրոցեսի չեմ մասնակցի, ես իմ դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ ունեցել եմ, որոնց հիման վրա էլ իմ որոշումները կայացրել եմ»։
Անդրադառնալով մեկ թեկնածուի առկայության խնդրահարույց լինելուն՝ նա նշեց, որ սա է իրավիճակը, որ ունենք։ «Սա փաստ է, իրողություն է, հիմա որևէ խնդիր չեմ տեսնում. կարող էր թեկնածու չլինել, կարող էր մի քանիսը լինել, սակայն ունենք, իրավիճակ, որն ունենք»։
Հարցին, թե այս ընտրությամբ կհանգուցալուծվի՞ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը՝ նա նշեց, որ խնդիրները միայն ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությամբ չեն պայմանավորված։ «Դրանք խնդիրներ են, որոնց մասին խոսել եմ, ու հիմա կրկին չեմ անդրադառնա դրան»։
Անդրադառնալով քննարկումներին չմասնակցելուն՝ նա ասաց, որ ՍԴ-ում տեղի ունեցող քննարկումներին մասնակցել է, սակայն քվեարկություններին՝ ոչ։ «Դրա պատճառաբանությունն այն էր, որ սահմանադրաիրավական փոփոխությունների բովանդակության հետ կապված հարցերով առաջարկ կար դրանք ևս մեկ անգամ քննության առարկա դարձնել»։
Քվեարկություններին չմասնակցելու պատճառների թվում Պետրոսյանը նաև նշեց ՍԴ նախագահի ԺՊ Աշոտ Խաչատրյանի գործողությունների անիրավաչափությունը։ «Նա պարտավոր էր «Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 18 հոդվածի 3-րդ մասի համաձայն հունիսի 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացրել շուրջ մեկ ամիս շարունակ, դրա պատճառով էլ առաջացել է խնդիրների մեծ մասը, մասնավորապես՝ ՍԴ դիմող սուբյեկտների արգելափակման մասով առկա են եղել խնդիրներ, ես չեմ լսել հոդաբաշխ պատճառաբանություն, թե ինչու նա չպետք է կատարեր իր պարտկանությունները, որպեսզի մենք հետո չփորձեինք տարբեր պատճառաբանություններ փնտրել՝ իրավիճակի հաղթահարելու համար։ Դա վերաբերում էր և նիստեր հրավիրելուն, և արձակուրդում գտնվող դատավորներին կոնկրետ ժամկետներում հետ հրավիրելուն, որպեսզի ժամկետների հետ կապված խնդիրներ չլինեին։ Էլի մի շարք ընթացակարգային, բայց խիստ սկզբունքային հարցեր կային»,-ասաց դատավորը։