Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ:
«Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և՛ դրա զոհողության գինը»,-ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայող և 37 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: