Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:
Հայտարարության մեջ նշված է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ՀՀ կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։
Փետրվարի 5-ին սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ։
Միաժամանակ մարզպետարանը ողջունում է Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում բարեգործական ծրագրերն ու բարերարների ներդրումները:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները հայտնել էին Շուռնուխ համայնքում կառավարության կողմից կառուցվելիք 12 տների մասին, ինչին ի պատասխան Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի: