Հույս ունեմ, որ Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալն ընդամենը տեխնիկական վրիպում է։
Չի կարելի թշնամուն բերել հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այս մասին գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։
Իրավիճակը նույնն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումներն անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։
Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի վերքին աղ լցնելն առայժմ ընդունենք չիմացության արդյունք»,- գրել է փոխքաղաքապետը։
Ավելի ուշ Խնձորեսկի գյուղապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն են, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ։