«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։ Սակայն խնդիրն այստեղ ո՛չ հյուրանոցն է, ո՛չ էլ սեփականատերը, քանի որ պետությունն ինքն է տեղահանվածներին բաշխում հյուրանոցներում, և ԱՀ տարածքային կառավարման նախարարությունն ամենամսյա հսկողություն, ստուգայցեր է իրականացնում։ Հիշեցնենք, որ սույն նախարարության ղեկավարը երբեմնի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու և իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության և ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեև կառույցն ունի ղեկավար, սակայն դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում կառույցի կազմավորման մասով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: Մեխանիզմը պարզ է՝ սովորական գովազդային sms-լինք են ուղարկում տվյալ հեռախոսին, լինքը բացելուն պես համակարգը «նստում» է հեռախոսին։ Ի դեպ, մեկ անձին «որսալու» արժեքը 10 հազար դոլարից ավելի է։ Բանն այն է, որ այս համակարգը հասանելի է դարձնում «Սիգնալ», «Վոթսապ», «Տելեգրամ», «Ֆեյսբուք» ցանցերը: Իշխանությունը նոր համակարգը ներմուծել է հիմնականում ընդդիմադիրների համար, սակայն թեկնածուներին ընտրում են Փաշինյանի ուղիղ ցուցումով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, ի թիվս մի շարք զինվորականների ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների, պետական բարձր կոչումներ ու մեդալներ են ստացել նաև իրավապահ, մշակույթի, շինարարության, կրթության ոլորտի, մասնավոր ընկերությունների մի շարք աշխատակիցներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես իրավապահ ու ուժային համակարգի ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհված մեդալների ու բարձր պարգևների մասով խիստ անհամաձայնություններ ունեն միմյանց հետ հենց համակարգի ներսում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձեւավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, և նրանց միջև առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։
Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլևս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը և տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների և ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն։
Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը, որ դիրքն առաջ են բերել, իսկ դրոշի առնչությամբ ասաց, թե երեկ է լսել, որ ռուս գեներալը մեր զինվորականներին ասել է` Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանինը դնեն։ «Ես դեռ չեմ գնացել, չգիտեմ՝ արել են, թե չէ, ես էլ լսեցի, որ ռուս գեներալը նման բան է ասել»,- ասաց համայնքապետը»: