Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Ըստ չինական աղբյուրների՝ փետրվարի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կասկածելի 23260 դեպք, հաստատված 24367 դեպք, 492՝ մահվան ելքով, առողջացել է 898 հիվանդ:
Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք համալիր միջոցառումներ՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են
գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:
Հավելենք, որ վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն: Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից, իսկ չհիվանդանալու համար հիշեցնում ենք.
միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, իսկ եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափել կամ բացառել կենդանական (հատկապես՝
ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ
ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: