Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման եկամտային հաշվարկները հստակ չեն։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա, իսկ խորացված հաշվարկներ դեռ նոր պետք է իրականացվեն։ Նա հստակեցրեց, որ հստակ հաշվարկի համար հարկավոր է ունենալ վերջնական նախագիծը։
Խոսելով ներդրումների մասին՝ Գրիգորյանն ասաց, որ դա մոտավորապես 226-230 միլիոն դոլար կկազմի, իսկ տևողությունը կլինի մինչև 36 ամիս։
«Եթե մենք այսօր տեսնենք Հարավկովկասյան երկաթուղու հարկային ելքերը, ապա դրանք կազմում են 4,7 միլիարդ դոլար՝ տարեկան»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ ապաշրջափակման դեպքում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների ծավալները, հետևաբար երկաթուղուց մոտավոր 5 տոկոս եկամտաբերություն կապահովվի, ինչը վատ ցուցանիշ չէ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, սակայն, ով հարցի հեղինակն էր, մտահոգություն հայտնեց երկաթուղու առնչությամբ։ Նա համոզված է, որ պետք է հաշվի առնել, թե որտեղով է անցնում երկաթգիծը, ու նախագիծը սկսելու համար ունենալ նախնական հաշվարկներ, որոնք գոյություն չունեն։ Մհեր Գրիգորյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ ծրագիրը պոզիտիվ ելք է ապահովելու Հայաստանի տնտեսական միջավայրի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։