Իտալական «Ռոմա»-ն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է հայտնի մարզական լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Իր ինտերնետային էջում լրագրողը նշել է, որ այսօր՝ հունիսի 3-ին, հայ ֆուտբոլիստը պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք նոր պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ, թե՞ ոչ։
Նախօրեին ակումբը խաղացողին ներկայացրել է նոր առաջարկ՝ 3,5 միլիոն եվրո գումարած բոնուսներ, որոնք կանոնավոր խաղալու դեպքում կավելանան 15 օրը մեկ։ Արդյունքում գումարը կարող է ավելացվել մինչեւ 4,1 մլն եվրո։
Առաջարկը ներառում է նաև մեկ տարվա պայմանագիր՝ «Ռոմայի» եվրոպական որակավորման դեպքում ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ երկարաձգմամբ:
«Այժմ գնդակը գտնվում է այն խաղացողի կեսում, ով պետք է որոշում կայացնի այսօր։ Կամ այո, կամ ոչ: «Ռոմա»-ն հասկացրել է, որ խաղացողին առաջարկվող պայմանները առավելագույնն են»,- ասել է Դի Մարցիոն:
Սակայն, ինչպես վկայում է լրագրողը, անգամ «Ռոմայի» բարելավված առաջարկը զիջում է «Ինտերի» առաջարկին, որը պատրաստ է հային վճարել մոտ 4,5 մլն եվրո և ապահովել Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունը։