Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանք Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում են կատարել իրենց պարտականությունները:
Ակցիայի մասնակիցներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը շեշտել է, որ իրենց պահանջն է վերականգնել Արցախի 1994թ-ի սահմանները և հետո բանակցությունների միջոցով Արցախի հարցը լուծել:
«Նա, ով Աղավնոն տվել է, նա էլ հանձնել է Հադրութն ու Շուշին: Նույն ձեռագիրն է, պարզապես պատերազմը հնարավորություն էր թաքցնել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում կոծկել, դրա համար օգտագործում են չինովնիկներին։ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը գնացել է Բերձոր և Աղավնո, ու ժողովրդին ասել է՝ դուրս եկեք ձեր տներից, նաև ասել են՝ գնալուց տները չվառեք, թե չէ փոխհատուցում չենք տա»,- հայտարարել է Հայրյանը:
Արցախից տեղահանվածներն իրենց պահանջը նամակի միջոցով հանձնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և բողոքի ակցիան շարունակել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ:
Այստեղ Լևոն Հայրյանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի վերաբերմունքն Արցախի և մարդկանց իրավունքների հարցերում խիստ խտրական է, քաղաքականացված է, չեն հետաքրքրվում ցեղասպանվող ժողովրդով:
«Այն, որ այսօր Արցախում ժողովուրդ է ցեղասպանվում՝ ֆիզիկապես և բարոյապես, իսկ վաղն Արցախը հնարավոր է հայաթափվի, այս ամենը չի հետաքրքրում ՄԱԿ-ին»,-շեշտել է Արցախից տեղահանված քաղաքացին:
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել, սակայն ՄԱԿ-ի գրասենյակից նրանց ոչ ոք չի ընդունել, որից հետո Արցախից տեղահանված բնակիչները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց սկսել են վանկարկել՝ «ամոթ»:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանվածները բողոքի ցույց են անցկացրել ՌԴ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատների առաջ: Նրանք օրեր առաջ բողոքի ակցիա են անցկացրել նաև կառավարության և ՀՀ ԱԳՆ շենքերի առջև՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տալ և լուծել բնակարանի հարցը։