Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Նշվում է, որ սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները:
«Հատուկ պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո»,- ասված է հայտարարությունում:
Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ՀՀ նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: