Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ում ունեցած իր ելույթի հարցադրմանը:
«ՄԱԿ-ում իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է, ապա մենք կարող ենք հաշտության պայմանագիր կնքել։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,- ասված է վարչապետի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Նա նշել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի միջազգայնորեն ճանաչված տարածքները կազմում են 29800 քառ. կմ, ապա դա, ըստ Փաշինյանի, կնշանակի, որ «կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել երկու պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման միջոցով»։ Հակառակ դեպքում, Փաշինյանի խոսքով, խաղաղության պայմանագիրը կլինի ուրվականի նման, և համաձայնագրի կնքումից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանազատումը՝ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու և օկուպացիոն գործողություններ կատարելու համար։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: