Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:
Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։