Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք: Այս մասին Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 18-21-ը ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով և Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ունենալով Թուրքիայի բացարձակ աջակցությունը։
Ս.թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմը, անմիջական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայաստանի Հանրապետության ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ՌԴ ԶՈւ օբյեկտների անմիջական հարևանությամբ (Սիսիանի օդանավակայան և «Գորիս» օպերատիվ խումբ):
Գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության 36 քաղաքներ, այդ թվում՝ Ջերմուկը, Սիսիանը, Տեղը, Սոթքը, Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Իշխանասարը, Մարտունին և այլն։
Հարձակումների հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 7 էլեկտրամատակարարման օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, կամուրջներ և ճանապարհներ։ Մեկ օրվա ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, կազմել է ավելի քան 200 մարդ։ Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք։
Ավելին, Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի (Սյունիքի մարզ) նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի Ինքնավար Մարզի, իսկ այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։
Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի Ինքնավար Մարզում, ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ»,-ներկայացրել է Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի վերը նշված բոլոր գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ ոտնահարում են. սա հատուկ եմ շեշտում, քանի որ այս իրադարձությունների ողջ ցինիզմը կայանում է նաև նրանում, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում, որի համար ընթացիկ տարին հոբելյանական է։
«Գիտեք, որ սեպտեմբերի 15-19-ը գեներալ-գնդապետ Անատոլի Ալեքսեևիչ Սիդորովի գլխավորությամբ Հայաստանում էր Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման կատարման շրջանակներում իրականացրեց իրավիճակի մոնիտորինգ։
Աշխատանքային այցով երկու անգամ Հայաստան է այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլևիչ Զասը և հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Իրականացվել է մոնիտորինգ, իրավիճակը կայունացնելու և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հաշվետվություն ներկայացնելու համար առաջարկներ են ներկայացվել Հայաստանի ղեկավարությանը։
Անկեղծ կլինեմ՝ իրավիճակի մոնիտորինգ կատարելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշումն այն դեպքում, երբ արդեն իսկ գործ ունենք անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստի հետ, ամենևին այն արդյունքը չէ, ինչը մենք ակնկալում էինք կազմակերպությունից։
Երկու տարի առաջ, երբ ռազմական գործողություններն ընթանում էին Լեռնային Ղարաբաղում, լսում էինք պնդումներ առ այն, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել իր պատասխանատվության գոտուց դուրս, իսկ ճգնաժամային արձագանքման մեխանիզմ գործարկելու համար հիմքերը բացակայում են, քանի որ Հայաստանի տարածքին իբրև թե հարվածներ չեն հասցվել, կազմակերպության անդամ պետության դեմ ուղղակի ագրեսիայի գործողություն չի իրականացվել։
Միանգամայն անհասկանալի է, թե այսօր ստեղծված իրավիճակն ինչո՞ւ չի տեղավորվում ՀԱՊԿ անդամ երկրի դեմ կատարված ագրեսիայի հայեցակարգի ձևաչափի մեջ, և ի՞նչն է խանգարում որոշում կայացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներգրավման կամ Հայաստանին այլ ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին»,-նշել է Խաչատրյանը՝ ներկայացնելով տարեսկզբին Ղազախստանում հաջողությամբ և օպերատիվ կերպով իրականացված խաղաղապահ գործողությունը իրականցումը ՀԱՊԿ-ի կողմից։
Ըստ Խաչատրյանի՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ստույգ՝ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասարաչափ ռազմավարական նշանակություն չունի, քանի որ ՀԱՊԿ-ն առավելագույն ուշադրություն է դարձնում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և տաջիկ-աֆղանական սահմանին տիրող իրավիճակին։
Հայաստանին օգնության տրամադրումն, ըստ Խաչատրյանի, պետք է իրականացվի ՀԱՊԿ կանոնադրության 51-րդ հոդվածի պահանջներով.
«- ՀԱՊԿ ձևաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ հստակ նշելով, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմը, և կոչել նրան ագրեսոր,
– Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում ընդունել Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ գործարկելով հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ հավաքական որոշումների կայացման և իրականացման մեխանիզմ՝ Կանոնակարգի հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ հավաքական որոշումների կայացման և իրականացման կարգի դրույթի համաձայն
– Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական աջակցության տրամադրում` 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին արձանագրության համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարի դիմումը ներկայացվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Ա.Ս.Սիդորովին։
– մարդասիրական օգնության տրամադրում.
– բոլոր ռազմագերիների և բռնի պահվող այլ անձանց վերադարձ»,-եզրափակել է Խաչատրյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։