Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի և բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը: Կարևորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել և հստակ սահմանել առաջնահերթ կարևորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:
Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը: Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ճանապարհի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության և սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
[