Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։
Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: