Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը։ Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր մայրաքաղաք Երևանում և մարզերում, հայտնում են նախարարությունից։
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառմամբ, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված: Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։ Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։ Անդրադարձ է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։