Չարենցավանի «Վանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլի» կազմում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր թիմում հայ ֆուտբոլիստը հանդես կգա 4 համարի ներքո։ Նրա հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
«Ֆուտբոլիստը, որը նախկինում հանդես է եկել «Փյունիկ», «Վան», «Սևան» և «Կիպրոսի Օլիմպիակոս» թիմերում, խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում: Նա արդեն չորրորդ օրն է, ինչ մարզվում է «Իստիկլոլի» հետ՝ թիմի հետ մասնակցելով ուսումնամարզական հավաքին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Քարտաշյանն ընդգրկված է եղել Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, թիմերի հետ մասնակցել է իր տարիքի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով Արթուրն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանի արտագնա խաղում։ Դեբյուտային խաղում կենտրոնական պաշտպանը կարողացել է աչքի ընկնել խփած գոլով։