Կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստում հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ ու նրանց խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է դա անել կա՛մ դայակի, կա՛մ վճարովի նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Միջոցառման համար նախատեսվում է ամսական 104 հազար դրամ։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ 2021 թվականից ծրագրով լույս աշխարհ է եկել 54 երեխա, այս պահին կան նաև հղի մայրեր։
Ըստ նախագծի՝ ընտանիքն օգտվելու է դայակի ծառայությունից, որը չպետք է գրանցված լինի բնակության նույն հասցեում։ Սակայն վարչապետը հակադարձեց, որ խնդիրը մայրիկներին աշխատելու հնարավորություն տալն է, հետևաբար՝ էական չէ, թե ով է դայակը։ Եթե ռիսկն այն է, որ երեխային նորմալ չեն պահի, ապա լուծումն, ըստ վարչապետի, նրանց աշխատանքից ազատելն է։
«Չի պահել՝ կազատեն աշխատանքից, տատիկին էլ կարող են ազատել, մենք մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի՛ տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»,- կատակեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։