ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի մտահոգությանը, թե օրավարձով աշխատողներն արտակարգ դրության պայմաններում դժվար վիճակում են: Վարչապետը հիշեցրեց կառավարության կոչերը՝ լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղերը, եկամուտները: Նա ընդգծեց՝ «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի, կա «գրանցված աշխատող» և «չգրանցված աշխատող»:
«Պարտավորություն է, որ պետք է աշխատանքը գրանցվի: Այժմ նրանք, ովքեր գրանցված են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ մենք իրենց օգնելու մեխանիզմներ ենք մշակում. կարողանալու ենք գտնել՝ որտեղ է նա աշխատել վերջին մեկ տարում, որքան աշխատավարձ է ստացել, ինչ եկամուտից է զրկվել, ինչքան պետք է օգնենք իրեն: Մյուս կողմից էլ, օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ընդհանրապես՝ այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց նրանք էլ մեր քաղաքացիներն են, ու իրենց աջակցելու համար քայլեր պետք է անենք»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ իրենց կանխավարկածը հետևյալն է. սոցիալապես ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն տվյալներից որևէ մեկում պետք է արտացոլված լինեն, դրանից մեկը «Փարոս» համակարգն է, հաջորդը այն քաղաքացիներն են, որ դիմել են՝ այդ համակարգում ընդգրկվելու, բայց չեն ընդգրկվել, երրորդը գրանցված գործազուրկներն են, բայց այդ անձանց գտնելու պրոբլեմ ունեն, քանի որ երբ իրենք աշխատել, եկամուտ են ստացել, չեն հայտարարագրել:
«Դրա համար մենք բոլորին կոչ ենք անում՝ օրինապահ քաղաքացի լինելը մի կարգավիճակ է, որ անհրաժեշտ է բոլորին»,- ասաց նա:
Անդրադառնալով աշխատաշուկային՝ վարչապետը հայտնեց, որ պաշտոնական տվյալներով՝ մարտի 13-ից 24-ը Հայաստանում 4000 քաղաքացի ընդունվել է աշխատանքի, ինչը, ըստ նրա, վկայում է, որ աշխատաշուկայում վերադասավորումներ են տեղի ունենում: