Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, սահմանազատման և սահմանագծման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցի, Արցախի պատգամավորների, Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Սրբազանը նշել է, որ Արցախի հարցն առանցքային է ու մեծ տեղ է գրավում։
«Մենք սխալվելու ենք այն ժամանակ, երբ Արցախի հարցն ընդհանուր համահայկական փաթեթից առանձին կդիտարկենք։ Սա նրա համար է, որ այն ոչ թե Արցախյան, այլ հայրենական խնդիր դառնա։ Արցախցին ոչնչով տարբեր չէ տավուշեցուց, լոռեցուց։ Արցախն ամենամեծ ու առանցքային տեղն ունի մեզ համար։ Այս փուլում Արցախի խնդիրը պետք է տեղափոխել ու դարձնել մարդու խնդիր»,- ասել է Սրբազանը։
Նա ընդգծել է, որ 24-ժամյա աշխատանք պետք է տանել։
Շարժման անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն արցախցիներին կոչ է արել ակտիվ ներգրավում ունենանալ հասարակական, քաղաքական գործընթացներում։
«Ձեզնից հանրային կյանքում ակտիվ մասնակցություն ենք ակնկալում։ Սա չափազանց կարևոր է։ Ես խնդրում եմ՝ առաջինը հենց դուք կոտրեք բոլոր խոչընդոտները։ Հայկական Արցախի վերականգնումը բոլորիս պարտականությունն է»,- ասել է Պետրոսյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման պաշտոնական տվյալներով մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։ ԱԱԾ-ն մայիսի 19-ին սահմանափակել էր Կիրանցում հաշվառում չունեցողների մուտքը բնակավայր։
Մանրամասները՝ տեսանյութում։