Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահ և Սպիտակ տան ղեկավարի նոր թեկնածու Քամալա Հարիսին անվանել է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի «խամաճիկը»։
«Ես պարզապես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Սորոսին, քանի որ ոչ ոքի չի ստիպում կասկածել, որ նա է լինելու իր հաջորդ խամաճիկը»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով Սորոսի լուսանկարը Հարիսի հետ և ուղերձը, որ նա աջակցում է ԱՄՆ փոխնախագահին։
Ըստ Մասկի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ չառաջադրվել երկրորդ ժամկետի համար, բացատրվում է նրանով, որ դեմոկրատներն «ուղղակի ցանկանում են խամաճիկ, որն ավելի լավ կաշխատի», մինչդեռ ներկայիս քաղաքական մեքենան ինքնին մնում է անձեռնմխելի։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա ասել էր, որ կենտրոնանալու է «միայն իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունները կատարելու վրա»: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։