Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր արմատներն Արցախից են, և տանը ծնողների հետ խոսում է հայերեն, այդ թվում՝ արցախյան բարբառով։
«Տանը հաճախ ինձ հայերեն են դիմում, փորձում եմ երբեմն ռուսերեն, երբեմն՝ հայերեն պատասխանել։ Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում, պարզապես վստահ չեմ, որ կարող եմ հայերեն շփվել։ Ամեն հաջորդ հանդիպմանը մի քիչ ավելի լավ հայերեն կխոսեմ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ լեզվով է շփվում ընտանիքի անդամների հետ։
Ավանեսյանը հավելել է, որ «շատ է հուզվել», երբ առաջին անգամ հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ «Ես շատ էի հուզվում, երբ առաջին անգամ խաղացի Հայաստանի դրոշի ներքո: Փորձեցի անել առավելագույնը, շատ մոտիվացված էի։ Ներկա էին շատ երկրպագուներ, ովքեր ինձ ոգեշնչեցին»,- ասել է նա։
Սեպտեմբերի 10-ին հայտնել էինք, որ Ավանեսյանը մեկ հորիզոնականով բարձրացել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշում՝ հասնելով իր կարիերայի լավագույն ցուցանիշին՝ 50-րդ համարին:
Օգոստոսի 5-ին կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհու մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի: Թարմացված համաշխարհային վարկանիշում Ավանեսյանը նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Նրա պրոֆիլում հայտնվել է հայկական դրոշ և ARM տարբերանշանը։
Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալը՝ նշելով, որ «շատ ուրախ է, որ այսուհետ խաղալու է հայրենիքի համար»։ Օգոստոսի 8-ին թենիսիստուհին Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը ՀՀ անձնագիր էր ստացել: