Արևմտյան Նեղոսի տենդը հանդարտեցման ուղղությամբ է գնում, և վերջին շաբաթում զգալի նվազում ենք տեսնում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների, թե՛ դրական արդյունքների առումով, Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ նախարարությունը կանխատեսել էր սեզոնի հետ կապված համաճարակային իրավիճակի հանդարտեցումն ու հայտարարել դրա մասին։
«Մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում։ Մեր կողմից աշխատանքները շարունակվում են, մարզային այցելությունները՝ նույպես»,- նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կարմրուկի հետ կապված նույնպես բարենպաստ վիճակ է։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են միայն բերովի դեպքեր։ Այսինքն՝ տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակել, որպեսզի այդ բերովի դեպքերից հետո չունենանք տարածում»,- նշեց Ավանեսյանը։
Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանում հայտնաբերվել էր տենդի 108 դեպք։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել էր 4-ի։