Միացյալ Նահանգները դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կասեցնելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը՝ «Վրացական երազանքը» մերժել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և «Վրաստանն ավելի խոցելի է դարձրել Կրեմլի համար»։
Պետքարտուղարությունը նաև դատապարտել է Վրաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը և կոչ արել բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիաների խաղաղ բնույթը։
Վրաստանում ընդդիմությունը, ակտիվիստներն ու հասարակ քաղաքացիները բողոքում են Վրաստանի իշխանությունների նոյեմբերի 28-ի որոշման դեմ՝ օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը։
Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկու օրվա ընթացքում շուրջ 150 անձ ենթարկվել էր վարչական կալանքի՝ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ հանրահավաքներին մասնակցող մարդիկ բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ։ Ըստ նրա՝ Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ցույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Նոյեմբերի 30-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի լքի պաշտոնը՝ չնայած դեկտեմբերի կեսերին ավարտվում է իր լիազորությունների ժամկետը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։