Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն զգուշացրել է Տավուշում դեկտեմբերի 12-ին նախատեսվող պայթեցման աշխատանքների մասին։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի Բերքաբեր գյուղի հարակից հատվածում կլինի 5 պայթյուն, 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում։
«Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն։ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն։ Կիրանցից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն»,- մանրամասնել են ՊՆ-ից։
Գերատեսչությունից հարակից բնակչությանը վերոնշյալը խնդրել են ընդունել ի գիտություն:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Ապրիլի 22-ից ՊՆ-ն հայտնել էր սահմանազատման գործընթացի շրջանակում Կիրանցի հատվածում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
ՀՀ կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։