Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ եւ զարգացմամբ, РИА Новости – ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Այդ հարցը մշտապես օրակարգում է եղել, և հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մեջ, և, հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար հանգեցնում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքի վրա գործող համատեղ խմբավորման ներուժի ավելացմանը», – ասել է նախարարը:
Նրա խոսքով, իհարկե, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր են արվել բազայի ուժեղացման եւ վերազինման ուղղությամբ: Հարությունյանը վստահ է, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ:
Հայաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմակայանի որոշակի զորամիավորման Հայաստանի արևելքում վերատեղակայման հնարավորության հարցը ևս:
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված:
«Իսկապես, ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար։ Ես չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ եւ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել»,- ասել է Հարությունյանը։
«Մինչև Լեռնային Ղարաբաղի 2020թ. աշնանային հակամարտությունը Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Անկախ Պետությունների Համագործակցության անվտանգության ապահովման և սահմանի պահպանության խնդիրների կատարման համար։ Այսօր իրավիճակն էապես փոխվել է», – նշել է նախարարը։
Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանը նաև նկատել է, որ ՀՀ-ում Ռուսաստանի Զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայման անհրաժեշտությունը չկա. «Գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն մեկ ռուսական ռազմակայանի գործունեությունը», – ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին՝ Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագրին եւ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրին համապատասխան:
2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ռազմաբազայի գործողության ժամկետը նախնական 25 տարուց երկարացվել է մինչեւ 49 տարի, այսինքն՝ մինչեւ 2044 թվականը:
РИА Новости – ին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ նախարարը նաև հայտնել է, որ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո Հայաստանն իրականացնում է բանակի արդիականացում, օպտիմալացնում է բանակի թվակազմը, անցնում է նոր համակարգի սպառազինության և ռազմական տեխնիկայի: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՌԷԲ-ի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:
Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 25-30-ը երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի զինված ուժերի Բարեփոխումների և արդիականացման հարցերին աջակցելու համար: