Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ը Պաշտպանության միջազգային համաժողովին և ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության շուրջ ծագած խնդրի հետ կապված հետաքննությունը դեռ ավարտված չէ: Այս մասին Կառավարության նիստից հետո հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
«Մասնագիտական առումով եղել են բոլոր համաձայնությունները, սակայն այն ընկերությունը, որը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները պետք է տեղափոխեր, այդպես էլ չի կատարել իր պարտավորությունները։ Այդ առումով ՀՀ-ի կողմից մեղավորությունն այնքանով էր, թե ինչու է կնքվել այդ կազմակերպության հետ պայմանագիր։ Այսինքն՝ պայմանավորվածությունը եղել է, բայց այդ ընկերությունը, որը պետք է մեր ռազմական տեխնիկան հասցներ այդ միջազգային ցուցահանդեսին, բարեխիղճ չի եղել և չի հասցրել։ Այդ արտադրանքը դեռևս Հայաստան էլ չի վերադարձել»,- պարզաբանեց ԲՏԱ նախարարը՝ ընդգծելով, որ ընկերությունը բարեխիղճ չի եղել։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանում սկանդալ բարձրացավ այն պատճառով, որ ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դատարկ էր, և հայկական ռազմարդյունաբերական համալիրի զենքի նմուշների փոխարեն տաղավարներում ներկայացված էին միայն գրքույկներ: