ԱԺ-ում աշխարհազորի գործունեության և բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշատական հանձնաժողովից։
«Դեռևս 2020-ին խորհրդարանում ընդունվեց «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվեց «աշխարհազոր» եզրույթը:
Կարգավորմամբ նախատեսվում էր ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցությունը ՀՀ զինված պաշտպանությանը:
Սույն թվականի նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական վերահսկողության շրջանակներում, Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ աշխատանքային փակ քննարկում` աշխարհազորի գործունեության եւ բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին պատգամավորներ, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ սահմանամերձ համայնքների ղեկավարներ:
Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` մեր երկրի զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ:
Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները»,-նշվում է հաղորդագրության մեջ։