ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում վարժանքներ են անցկացրել։ Պայմանական հակառակորդին ոչնչացնելու համար հարձակման է անցել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։
«Սմերչն» ունի տարբեր տեսակի ռեակտիվ արկեր և, կախված այդ ռեակտիվ արկերից, նվազագույն կրակի հեռավորությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝ 90 կմ։
«Սմերչ» համազարկային համակարգը նախատեսված է ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ղեկավարման կետերը։ Այս մեքենան 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև վերջին օրը կատարել էվառաջադրված բոլոր խնդիրները։
«Մեքենայի քաշը առանց ռեակտիվ արկերի և հաշվարկի կազմում է 33,7 տոննա, ռեակտիվ արկերով և հաշվարկով՝ 43,7 տոննա։ Հաշվարկը բաղկացած է 4 հոգուց՝ հաշվարկի հրամանատար, նշանառու, օպերատոր և ավագ մեխանիկ-վարորդ»,- լրագրողներրի հետ զրույցում ներկայացրեց մայոր Հովհաննես Դանիելյանը։
Հակառակորդի թիրախը խոցելու համար մինչև հրթիռ արձակելը հատուկ ցուցիչով զոնդ է օդ բարձրանում և օդերևութաբանական կայանով ստուգվում քամու արագությունը, օդի ջերմաստիճանը տվյալներով փոխանցվում են հրետանային ստորաբաժանմանը։
Լիցքավորման մեքենայի միջոցով էլ տարբեր տեսակի ռեակտիվ արկերը լիցքավորում են «Սմերչ» համակարգերը, որը տևում է 20 րոպե։
«Մեքենայի քաշը 30 տոննա է, ռեակտիվ արկերով 31,5 տոննա։ Հնարավորություն ունի տեղափոխելու մինչև 12 ռեակտիվ արկ»,- ասաց լեյտենանտ Վանո Գևորգյանը։
Զորավարժությունների ժամանակ տարբեր են խաղարկման սցենարները հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են նաև ականանետերով գործնական հրաձգության վարժանքներ։
Այն նախատեսված է հակառակ լանջերում և սարերում տեղակայված հակառակորդի կենդանի ուժի կրակային միջոցների ոչնչացման և ճնշման համար։ Արցախյան 44-օրյա ռազմական գործողությունների փորձը ստիպել է փոխել վարժանքների մարտավարությունը։
Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով։
Զինվորները տարեկան առնվազն երեք նման վարժանքների են մասնակցում։ Նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը։