Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Աշխատանքային այցի օրակարգի ու քննարկվելիք հարցերի մասին այլ մանրամասներ չեն հայտնել:
Այդուհանդերձ, հիշեցնենք՝ երեկ հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 տարբերակ: Indian Defence Research Wing-ի տվյալներով՝ պայմանագիրը 250 մլն դոլարի շրջանակներում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հնդկաստանն ու Հայաստանը պայմանագիր են ստորագրել հայկական կողմին մոտ 244 մլն դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ: Հաղորդվում էր, որ պատվերն իր մեջ ներառում է Pinaka հնդկական արտադրության ռեակտիվ կայանների առաջին արտահանումը, որոնք արդեն գտնվում են հնդկական բանակի սպառազինության մեջ: Հայաստան են առաքվելու նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։