Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը կորուստներ չունի:
«Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-հայտնել է Թորոսյանը։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։