Կառավարությունը հաստատեց զինվորականից պայմանագրային ծառայության անցնելու նոր համակարգը, ծրագիրը կոչվում է «Պաշտպան հայրենյաց»: Նախագիծն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:
Նոր նախագիծը թույլ է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո 5 տարի ժամկետով անցնել պայմանագրային ծառայության, հստակեցրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճարը»,- ասաց նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում զինծառայողը պայանագրից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինծառայության չծառայած մասը:
Ըստ ՀՀ ՊՆ ղեկավարի, եթե այս ընթացքում զինծառայողն առողջական պատճառներով չի կարողանում շարունակել ծառայությունը, ապա որպես փոխհատուցում ստանում է 5 մլն դրամ պատվովճար, որը կտնօրինվի ազատորեն:
Միևնույն ժամանակ, նախարարության ներդրած շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը դադարեցվում է: Այս համակարգում ծառայում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին:
Նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Պատիվ ունեմ» ծրագիրը շարունակվելու է, թե՞ ոչ՝ նշելով, որ այն մի շարք խնդիրներ է առաջացնում նաև կրթական համակարգում:
Պապիկյանը պատասխանեց, որ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով հանդերձ՝ հին համակարգը դեռ չի չեղարկվում, քանի դեռ նոր սպայակարգը չի տվել իր պտուղները: Միանգամից հրաժարվելը նպատակահարմար չէ: