ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար, սեպտեմբերի 6-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Ճեպազրույցի ընթացքում Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։
Սահմանային լարված իրավիճակին զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչական դաշտը վերջին օրերին ակտիվ է նոր հնարավոր ռազմական գործողություններ սկսելու մասին թեզերով ու նյութերով։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: