ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.), հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել և մարվել է, այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել էր բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվին: Նրա խոսքով՝ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին. սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Այդուհանդերձ, Պապիկյանն ընդունել էր, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի այս հարցը, որպեսզի զինծառայողներին ողջ ու առողջ հասցնի իրենց տուն: