ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի կրակոցների ժամանակ Ադրբեջանի կողմից վիրավորված կամավորականի առողջական վիճակի մասին։
«Վիրավորում ստացածի վիճակը գնահատվում է բավարար, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- Armenia Today-ին ասաց ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։