Անցնող շաբաթվա իրադարձություններն, ինչպես արդեն սովորական է դարձել, անցել են կորոնավիրուսային համաճարակի առաջնայնությամբ, որն ուղեկցվել է ներքաղաքական աղմկոտ, ինչու չէ նաև սպասելի զարգացումներով։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակը մեծ արագությամբ աճում է, և արդեն առաջին դեմքերի կողմից է արձանագրվել, որ վիճակը շարունակում է վատթարանալ։ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսային վարակվածության ցուցանիշով առաջ է անցել Իրանից և Ֆրանսիայից և մոտեցել ՌԴ-ի ցուցանիշներին։ Վարչապետ Փաշինյանը կարծում է, որ այս տեմպերի դեպքում վիճակագրությունը կմոտենա իտալականին, բայց դատելով հայտարարություններից (նրա և Առողջապահության նախարարի), դիմակների կրումը կփրկի ժողովրդին։
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Լանզարոտի» աղմկահարույց կոնվենցիայի մասին օրենքը. դա սպասված իրադարձությունների թվից է, չնայած որ Սարգսյանն այդ կոնվենցիայի ընդունման գործընթացը փոքր – ինչ քննադատել է։ Ստորագրելով կոնվենիցիայի ընդունումը հաստատող օրենքը՝ նա հավելել է, որ հասարակության մեջ օրենքի ոչ միանշանակ ընկալումը լայն քննարկումներ է պահանջում ՝ չհստակեցնելով, թե այժմ դա ինչ իմաստ ունի, երբ արդեն ամեն ինչ ստորագրված է։
Վրաստանի հետ ոչ մեծ դիվանագիտական սկանդալ է առաջացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անզգույշ արտահայտություններից հետո։ Թորոսյանը նշել էր, որ հայկական առողջապահական համակարգը հարեւաններից ավելի լավն է, իսկ Վրաստանն ամբողջությամբ չի ներկայացնում երկրում համաճարակի հետ կապված իրավիճակը։ Որոշ դադարից հետո (որի ընթացքում, հավանաբար, վրացական կողմը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել) հետեւեցին պաշտոնական հերքումները Թբիլիսիից, որոնցում «ոչ դիվանագիտական», նույնիսկ «անհեթեթ» որակվեցին նախարարի արտահայտությունները։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել վարչապետ Փաշինյանին ուղղված մեղադրանքների նոր շարքով: Մինասյանը հայտարարել է, որ վարչապետը Հայաստանը ներգրավել է զենքի միջազգային առեւտրի սեւ շուկայում ՝ օգտվելով արտոնյալ զենք գնելու այն պայմաններից, որը Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին: Մինասյանը նշել է, թե այդ զենքը վերավաճառվել է երրորդ երկրին, այնտեղից էլ հայտնվել է չորրորդ երկրում, որտեղ էլ «սկսել է կրակել», իսկ հետո այս ամբողջ շղթան բացվել է։
Արթուր Վանեցյանը վերջապես իրագործեց ակտիվ քաղաքական դաշտ մտնելու իր խոստումը։ Տեղի ունեցավ «Հայրենիք» նոր կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ Վանեցյանն ընտրվեց վարչության նախագահ: Գուցե նոր կարգավիճակն արդեն Վանեցյանին դրդի պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք համառորեն ուղղվում են նրան, բայց որոնց ԱԱԾ նախկին ղեկավարը համառ դժկամությամբ չի պատասխանում։
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճիռը, որի համաձայն Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել 2004 թվականին Բուդապեշտում հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար, որով խախտել է Եվրոպական կոնվենցիան: Ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, Ադրբեջանի կողմից էթնիկ հիմքով ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար ազատազրկման դատավճիռը չկատարելը արդարացում չունի: Դատապարտվում են Ադրբեջանին արտահանձնումից հետո Սաֆարովի ներման, պաշտոնի բարձրացման և պարգևատրման Բաքվի գործողությունները: Հետաքրքրական է նաև, որ ՄԻԵԴ-ի վճռում Հունգարիայի գործողություններում քրեական տարրեր չեն արձանագրվել։