Այսօր Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում նշում են Երիտասարդության միջազգային օրը։ Տոնի առթիվ Հայաստանի ողջ տարածքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ երիտասարդության օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն ինչպես նախարարության նախաձեռնությամբ, այնպես էլ երիտասարդական հարցերին առչնվող քաղաքականության պատասխանատուների, մարզպետարանների աշխատակիցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումները կմեկնարկեն ժամը 18.00-ին և կշարունակվեն մինչև ժամը 23.00։ Մասնավորապես, այսօր Loft-ում շուրջ 150 երիտասարդների մասնակցությամբ նախատեսվում է բաց քննարկում երիտասարդության ներուժի, հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ: Միջոցառմանը կմասնակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Նշենք, որ այս տարի Երիտասարդության միջազգային օրվա թեման պարենային համակարգերի վերափոխումն է։
Օրն ստեղծվել է ՄԱԿ ԳԱ կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 12-ին անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխատանք, կրթություն կամ մասնագիտական պատրաստվածություն չունեցող երիտասարդների տոկոսն անփոփոխ բարձր վերջին 15 տարիների ընթացքում։ Ներկայումս այդ տոկոսը կանանց համար կազմում է 30, 13 տոկոս երիտասարդ տղամարդկանց համար ամբողջ աշխարհում: