Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ է կալանվել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հայտարարությանը, որն արվել է Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ընթացքում:
«Մինչև պատժամիջոցները մեր երկրում 1367 ինքնաթիռ ունեինք, 78-ը կալանվել են թռիչքների ժամանակ»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքնաթիռները կալանվել են նաև ՌԴ -ի բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում:
Սավելևի խոսքով՝ ՌԴ-ն փորձում է արևմտյան լիզինգային ընկերությունների հետ պայմանավորվել ինքնաթիռների գնման շուրջ, սակայն նրանք չեն գնում բանակցությունների: Այս պայմաններում ՌԴ-ն սկսել է ավիապարկը տեղափոխել ռուսական ռեեստր։
Ռուսաստանի օդանավերը կալանելու պայմաններում ավիաընկերությունները շարունակում են արտասահման թռչել 193 ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը փետրվարի 26-ին պատժամիջոցներ է սահմանել, որոնք արգելում են քաղաքացիական ինքնաթիռների և պահեստամասերի մատակարարումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց տեխսպասարկումը և ապահովագրությունը: