Հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս մասին կառավարության այս տարվա վերջին նիստում ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խպմբի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։
Վարչապետը նշեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ լինելով բլոկադայի տարբեր կողմերում։
Նա նաև նշեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում։