Մեր կողմից դատարանում հստակ ներկայացվել են այն բոլոր իրավական հիմքերը, որոն առկա են եղել ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավասատագրի մասին հրամանը տալիս։ Այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ մեխանիզմներ է կիրառելու նախարարությունը, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի պարտադիր ՊՇՌ թեստի որոշումը։
«Հրամանը հիմնված է և՛ Կառավարության որոշումների, և՛ օրենքի նորմերի վրա։ Եվ այստեղ թե՛ լիազորող նորմերի, թե՛ իրավական հիմնավորվածության որևէ բաց չկա և չի էլ կարող լինել։
Այս միջոցը շատ կարևոր է, քանի որ հասկանում ենք, որ, այո՛, տեղեկատվական, կրթական մասն անհրաժեշտ է ապահովել, սակայն հանրային առողջապահության չտուժելու համար պետությունը պետք է նաև սահմանափակող միջոցառումներ կիրառի»,- ասաց նախարարը։
Այդպիսի սահմանափակումներից է նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ևս մեկ հրաման, որով սահմանափակվում է հանրային վայրեր առանց ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավաստագրի մուտքը։ Ինչպես մեր հարցին պատասխանեց նախարարը՝ հնարավոր է նաև «ՀայՓոստի» բաժանմունքներ մուտքի արգելքը, քանի որ դա էլ ակտիվ հանրային վայր է և վարակի տարածման օջախ։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանից պահանջում են պարզել՝ հակասահմանադրական չէ՞ արդյոք առողջապահության նախարարի այն հրամանը, որով աշխատող և չպատվաստված քաղաքացիները պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի, իսկ, եթե դա չանեն ու տևական ժամանակ բացակայեն, ապա գործատուն կարող է վերջինիս աշխատանքից հեռացնել։
Դիմող կողմի ներկայացուցիչը ՍԴ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն է։