Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպում է տեղի ունեցել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։
Դեսպանների հետ հանդիպմանը Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:
ԱՄՆ դեսպանի հետ զրույցում Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:
Իրանի դեսպանի հետ հանդիպմանը երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը: